Բաժին. Տնտեսական

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հուլիսի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների և Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ:

Արարողությանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Միացյալ Նահանգներից երկու շրջանային դատավոր և մեկ արբիտր: 

ԱՄՆ ՄԶԳ-ից տեղեկացնում են, որ ըստ հուշագրի՝ 2013թ. հուլիսից մինչև 2014թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ ներկա ՎԱԿ համակարգի մանրազնին ուսումնասիրություն: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի և օրինագծերի մշակման, հանրային լսումների և շահառուների հետ կլոր սեղան քննարկումների անցկացման ուղղությամբ: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այլ նաև բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության ամրապնդմանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Share