Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ:

Նախարարությունից հայտնում են, որ Քսիաոյու Ժաոն գոհունակություն է հայտնել «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել  կատարված աշխատանքներին, տեսել, որ  բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական  բետոնափռումը։

Գագիկ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշել է, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և շինարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ. «Թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք»,-ասել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է  հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա  հիշեցրել է նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագրի ընտրությունը և Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը և  նախագծային աշխատանքները:

Share