Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՃԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, անցկացրել է Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից մասնակցել են երկու դաշնային շրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից և ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից: 

Համաժողովի նպատակն էր Հայաստանում ՎԱԿ համակարգի բարեփոխումները քննարկել որպես գործարար միջավայրի բարելավման բաղկացուցիչ մաս, ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան փորձը և կազմակերպել արբիտրաժի ու դատական միջնորդության դատախաղ: 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը և Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն իրենց ելույթներում ընդգծել են ՎԱԿ համակարգի առավելությունները երկրի տնտեսության, տնտեսվարողների և սպառողների համար: ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը և ԱՄՆ դաշնային շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսն ու Ռոբերտ Լասնիկը ներկայացրել են ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ:  

Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու նաև ամերիկացի փաստաբան և արբիտր/միջնորդ Թոմաս Մարգիոտիին, որը ներկայացրել է արբիտրաժի և միջնորդության գործնական ուղեցույցը և մեկնաբանեց արբիտրաժի և միջնորդության դատախաղը:

Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրել էին մտադրությունների հուշագիր, որը կարևորում է Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու շուրջ կողմերի փոխգործակցությունը ՝ հայաստանյան բիզնեսներին և սպառողներին առաջարկելով այլընտրանք ավանդական դատական գործընթացներին:

2013թ. հուլիսից մինչև 2014թ. դեկտեմբերը նախարարությունը, համագործակցելով «Ի-Դի-Էմ-Սի»-ի հետ, կիրականացնի մի շարք գործողություններ, այդ թվում՝ օրենքների նախագծերի մշակում, հանրային լսումներ և միջոցառումներ՝ ուղղված գործարար համայնքում ՎԱԿ համակարգի մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը և վստահության ամրապնդմանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրնուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Share