Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Քաղաքաշինության բնագավառում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունում  կայացել է աշխատանքային հանդիպում  Համաշխարհային բանկի փորձագետ Միշել Պինկովսկու հետ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը, բացի քաղաքաշինության նախարարության պատասխանատուներից, մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի,  Կադաստրի պետական կոմիտեի, կառուցապատող  մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակներում ներկայացվել է հանրապետությանում քաղաքաշինության ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղենիշները և առանձնացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այն միջոցառումները, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքը ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցում: Նշվել է, որ  միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր:

Մեր երկրի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրից ունեցած ընդհանուր տպավորությունների համաձայն` ՀԲ փորձագետ  տիկին Պինկովսկին մեծ առաջընթաց է գրանցել: Մասնավոր հատվածի հետ իր հանդիպումների արդյունքում տիկին Պինկովսկին արձանագրել է, որ մասնավոր հատվածը ճանաչում և գնահատում է պետության կողմից իրականացվող դրական փոփոխությունները: ՀԲ-ը փորձագետը բարձր է գնահատել նաև պետական և տեղական  ինքնակառավարման  տարբեր մարմինների սերտ համագործակցությունը բարեփոխումններին ուղղված գործընթացներում: Կարևորվել է նաև  էլեկտրոնային կապի հնարավորությունների կիրառմանը, նորմատիվատեխնիկական բազայի բարեփոխմանը վերաբերող  հարցերը:

Հիշեցնենք, որ  համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS-12 ամենամյա զեկույցի «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով: Ներկայումս «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը:

Share