Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵԼՎԵԼ Է «ԷԼԻՏ ՇԱՆԹ»-Ի ԿՈՂՄԻՑ «ԷԿԼԵՐ» ՈՒ «ԶԵՖԻՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության պետի հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին: «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը:

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Share