Բաժին. Տնտեսական

ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Այսօր՝ հուլիսի 16-ին, Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերները ազդարարել են անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը:

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրն, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները դիտել են Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, մասնակցել են տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, շրջել են Նորավանքի համալիրի տարածքում և այցելել մոտակա գինու գործարանը:

«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարևան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում էզբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների և ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաև Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարևոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար»,- ասել է Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն Հովհաննես Մարգարյանը:

«Մետաքսի ճանապարհը պատմության ընթացքում շատ կարևոր առևտրային ուղի է եղել, և պատմական այս վայրերը նպաստել են տարբեր երկրների զարգացմանը: Այսօր մենք փորձում ենք վերականգնել Մետաքսի ճանապարհի միջանցքը՝ որպես զբոսուղի և թաքնված գանձ»,- ասել է Թուրքիայի Տնտեսագետների ասոցիացիայի նախագաhի տեղակալ Ֆիրատ Պոլատ:

Ծրագրի հունաստանյան գործընկեր Պիրուս Մերկուրիսի խոսքով՝ բջջային հեռախոսների նոր տեխնոլոգիաները և հավելվածները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այցելության համար հետաքրքիր վայրերի և զբոսաշրջային ծառայությունների մասին: Առցանց այս համակարգը կներկայացվի զբոսաշրջային գործակալություններին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ նրանց, ովքեր հետաքրքրվում են GPS համակարգի և բջջային հեռախոսների հավելվածների միջոցով պատմական և բնական զբոսավայրերն իրար կապելու խնդիրներով: Նրանք կարող են այդ զբոսուղիներն օգտագործել զբոսաշրջային նոր փաթեթներ մշակելու և այդպիսով զբոսաշրջության տեղական գրավչությունները զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու համար:

«Այս ծրագիրը Վրաստանը կապում է Հայաստանի, Թուրքիայի և Հունաստանի Մետաքսի ճանապարհի զբոսուղիների հետ, ինչը կարևոր է անդրսահմանային հաղորդակցությունն ու Մետաքսի ճանապարհի երկայնքով մեկ` տարբեր մշակույթներ կրող մարդկանց անմիջական շփումներն ու փոխըմբռնումը խթանելու համար»,- եզրափակել է Վրաստանի «Թաձրելի» հիմնադրամի տնօրեն Սիմոն Կոփաձե:

Share