Բաժին. Տնտեսական

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ»-ԻՑ ԱՐԴԵՆ ՕԳՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 1400 ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում մեկնարկած  «Երևան սիթի տուր» ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել է 450 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: «Երևան սիթի տուր»-ը նաև սփյուռքահայ և  ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:

Շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են  6 լեզվով: 

Share