Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի հետ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերը: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: 

Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է: Թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը շեշտել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ և դիմել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես, բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով՝  քաղաքացիական պատերազմի հետևանքով հարկադրաբար երկրից այլ պետություններ արտագաղթած Սիրիայի քաղաքացիներին հատկացվող հսկայածավալ գումարների շրջանակներում:

Հրանուշ Հակոբյանը Տրայան Հրիսթային հանձնել է նաև տեղեկանք սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ աջակցության խնդրանքով գրություն:

Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարարը, Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ և հոսանքազրկված, որի հետևանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի: Ուստի վտանգված է քաղաքացիների, այդ թվում հայության ֆիզիկական գոյությունը: Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև:

ԵՄ պատվիրակության ղեկավարը իր կարեկցանքն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրատակամություն հայտնել նշված խնդիրները բարձրաձայնել համապատասխան մարմիններում:

Share