Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՈՒՆ. ԼՈԼԻԿԸ ԿՄԹԵՐՎԻ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ

Վերամշակող ճյուղի վրա դրված է ահռելի պատասխանատվություն, քանի որ ՀՆԱ-ի մեջ այս ճյուղն ունի 6 տոկոսանոց չափաբաժին: Այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ վերամշակող ճյուղի ձեռնարկատերերի հետ կայացած հանդիպման ժամանակ:  

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս պետք է կանգնենք գյուղացիների կողքին: Նա է արտադրողը եւ հարկ է նրան աջակցել թե՛ պետական, թե՛ մասնավոր միջոցներով՝ սահմանելով մթերման խելամիտ գին և ստեղծելով նրա համար բարենպաստ պայմաններ, իհարկե, չանտեսելով նաեւ ձեր բիզնես շահեր»:

Մթերողները նախարարին հավաստիացրել են, որ պտուղ-բանջարեղենի մթերման առումով խոչընդոտներ չեն առաջանա: Մասնավորապես, լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ: Դեղձի մթերման առումով ներկայացվել է նախնական պահանջարկը. մթերողները երաշխավորել են, որ ամեն-ինչ կանեն մթերման աշխատանքները սահուն և կազմակերպված անցկացնելու համար:

Նշենք, որ ըստ նախարարության տվյալների՝ ներկա դրությամբ մթերվել է 12.977 տոննա պտուղ, 477 տոննա բանջարեղեն: Պտուղ-բանջարեղենի արտահանման ամբողջական ցուցանիշը 34.996 տոննա է:

Share