Բաժին. Տնտեսական

FORD-Ը ՈՂՋՈՒՆԵԼ Է ԴԵԹՐՈՅԹ ՔԱՂԱՔԸ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ամերիկյան Ford ընկերությունը, որը Դեթրոյթ քաղաքի ամենամեծ գործատուն է, ողջունել է քաղաքը սնանկ ճանաչելու գործընթացի մեկնարկը: The Financial Times-ը գրում է, որ Ford ընկերության ֆինանսական տնօրեն Բոբ Շենկսը (Bob Shanks) հայտարարել է, որ ընկերության ղեկավարությունը վստահ է, որ քաղաքին կհաջողվի հաղթահարել ֆինանսական դժվարությունները, և Դեթրոյթի պարտքի վերակազմավորումը դրական ազդեցություն կթողնի ինչպես Ford-ի, այնպես էլ բոլոր ավտոարտադրողների գործունեության վրա:

Հիշեցնենք, որ Դեթրոյթ քաղաքի ղեկավարությունը հայց է ներկայացրել քաղաքը սնանկ ճանաչելու մասին: Ամերիկյան ավտոարտադրության մայրաքաղաքի կուտակած պարտքը գերազանցում է 20 մլրդ ԱՄՆ դոլարը: Քաղաքի բյուջեի պակասուրդը հասնում է 380 մլն ԱՄՆ դոլարի: Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել և հասել է 700 հազարի:

Նշենք նաև, որ եթե Դեթրոյթը սնանկ ճանաչվի, ապա քաղաքի ողջ ունեցվածքը կներկայացվի վաճառքի: Ներգրավված միջոցներով էլ կմարվի քաղաքի պարտքը:

Share