Բաժին. Տնտեսական

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակում պետական աջակցությամբ իրականացված միջոցառումների մասին: Նա զեկուցել է, որ դրանց արդյունքում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արդյունաբերական կազմակերպությունների տնտեսական գործունեության ցուցանիշների, 2013թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.3 տոկոսով:

Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող 2013-2015 թթ. գործողությունների ծրագրերի նախագծերը: Նշվել է, որ հիշյալ ճյուղերի զարգացման տեսլականը մշակվել է Հայաստանում ոլորտներում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների, ինչպես նաև համաշխարհային շուկայի կառուցվածքի ու միտումների գնահատման հիման վրա, և դրա իրականացումը հնարավորություն կտա զարգացնել առկա կարողությունները և արտահանման ծավալը:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում նիստի մասնակիցները կիսվել են կարծիքներով, հանդես եկել առաջարկություններով: Արված դիտողություններով հանդերձ խորհուրդը հաստատել է ներկայացված փաստաթղթերը:

Նիստում քննարկվել են նաև դեղագործության և բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության, գինեգործության 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում կատարված փոփոխությունները:

Share