Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակում «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու ծրագրի իրագործման հետ կապված ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները ունեն ֆինանսավորման խնդիրներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ դեսպանին խնդրելով խնդրո առարկան իրազեկ դարձնել ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարևոր և կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ նախարարը Ջոն Հեֆերնին ընդհանուր առմամբ ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը:
Դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարևոր է: Նա հույս է հայտնել, որ իր երկիրը նույնպես կարձագանքի և կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը:
Նշենք, որ «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5-10 երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք և շուրջ 100 առանձնատուն: Ներկայում հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:
«Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ սիրիահայերին օգնելու նպատակով նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն և Սամվել Կարապետյանները ևս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: 36 հայ նկարիչներ ևս աջակցում են այս ծրագրին, և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին: