Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

2013 թվականի հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել կոնֆերանս՝ «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվել է 2012 թվականի ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսին ելույթներով հանդես են եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները և ԵՄ «Թվինինգ» ծրագրի պատասխանատուները: Ներկայացվել են թեմային նվիրված զեկույցներ: Կոնֆերանսն ամփոփվել է քննարկումներով:

Նշենք, որ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագրի մեկնարկը տրվել էր այս տարվա ապրիլին:

Այս ծրագիրը հետագա երկու տարիների ընթացքում աջակցություն կցուցաբերի Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի ոլորտներին: «Թվինինգ» ծրագրի նպատակն է՝ Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Նպատակն իրականացվելու է հայաստանյան հաստատությունների հզորացման, ԵՄ լավագույն պրակտիկային և միջազգային ստանդարտներին համապատասխան կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի արդիականացման և սննդամթերքի անվտանգության մասին սպառողների իրազեկվածության բարձրացման միջոցով: Արդյունքում, Հայաստանում կներդրվի մասնագիտացված և միջազգայնորեն ճանաչված անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգ:

Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն. եվրո: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս է: Այն, որպես ղեկավար գործընկեր, իրականացվելու է Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի կողմից, և որպես կրտսեր գործընկերներ՝ Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի կազմակերպության ու Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժության ծառայության կողմից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ «Թվինինգ» ծրագրի շահառու կողմն է, իսկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատու է կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության համար:

Share