Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամների, ինչպես նաև  բնագավառի մի շարք մասնագետների մասնակցությամբ, ընթանում են օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Այս մասին նշվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության հրապարակած՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվության մեջ:

Ի թիվս այլ նորմատիվ պահանջների, օրենքով նախատեսվում է սահմանել շինարարական աշխատանքների ապահովագրության, էներգախնայողության, ինչպես նաև որոշակի դեպքերում` քաղաքաշինական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ պարտադիր պայմաններ:

Նշենք, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը կառավարության որոշմամբ հավանության էր արժանացել մարտին:

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ՀՀ համայնքների թվով 49 գլխավոր հատակագծեր գտնվում են մշակման կամ փոփոխման տարբեր փուլերում, որոնցից 10-ը ստացել են միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություններ և ներկայացվել համապատասխան ավագանիների հաստատմանը: Քաղաքային համայնքներից հաստատվել է Աշտարակի գլխավոր հատակագիծը, Ջերմուկի գլխավոր հատակագծի արմատական փոփոխության նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը, իսկ Վանաձորի նոր գլխավոր հատակագիծը վերջնամշակման փուլում է:  Աշխատանքներ են տարվել նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի լրամշակման ուղղությամբ, որը վերջերս հաստատվել է Կառավարության կողմից:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2013թ. ապրիլի  որոշմամբ քաղաքաշինության նախարարությանը հատկացված  մոտ 50 մլն դրամ գումարի շրջանակներում 8 շինարարական նորմերի առաջնահերթ մշակման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունները, նախարարության համակարգմամբ, կիրականացնեն նախատեսվող աշխատանքները:

ՀՀ վարչապետի 2012 թվականի փետրվարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում մշակվում է շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը, որտեղ կհստակեցվեն նաև շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված մոտեցումները: «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագիծը գտնվում է մշակման փուլում:

Առաջին կիսամյակում, առաջնահերթությունը տալով դպրոցական շենքերին՝ գույքագրման եղանակով, հավաքագրվել վերլուծվել, մշակվել, ընդհանրացվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 1000 բնակելի և հասարակական շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ:  Սկսած 2012 թվականից, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2520, այդ թվում 418 դպրոցական շենքերի վերաբերյալ տվյալներ: Կառավարություն է ներկայացվել «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագծի փաթեթը:

Share