Բաժին. Տնտեսական

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ

Արմավիրի մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներում բացվել են նոր վերանորոգված բժշկական ամբուլատորիաներ: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:  

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

Նշենք, որ 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում Աղավնատան և Հոկտեմբերի ամբուլատորիաները հագեցվել էին առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

Սակայն դեռևս խորհրդային տարիներին կառուցված երկու ամբուլատորիաների շենքերը գտնվում էին անբարեկարգ վիճակում. չէին գործում ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը, վնասված էին տանիքը և հատակը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնված նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2012թ., ավարտին հասցվել 2013 թ. հունիսին:

Արդյունքում Աղավնատուն համայնքում կատարվել է շուրջ 53.8 մլն ՀՀ դրամի ներդրում (49.5 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ), Սարդարապատ համայնքում` շուրջ 56 մլն ՀՀ դրամի ներդրում (51.7 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ):

Աղավնատան ամբուլատորիան սպասարկում է Աղավնատուն, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ համայնքների շուրջ 6167, Հոկտեմբերի ամբուլատորիան` Սարդարապատ համայնքի շուրջ 5300 բնակչի:

Share