Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ «ԵՎՐՈԹԵՐՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՐՋ 50%-ՈՎ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Մրգերի, բանջարեղենի վերամշակման, բնական հյութերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» ընկերությունը, օգտվելով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից, մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի 140 հա տարածքում կառուցել է գյուղմթերքների վերամշակման արդի գործարան` ներդնելով շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար:

Գործարանի աշխատանքին ծանոթացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Եվրոթերմ» ընկերություն կատարած այցի շրջանակներում վարչապետին են ներկայացվել ընկերության արտադրական հնարավորությունները, մթերման առաջին փուլի արդյունքները և հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

Նշվել է, որ ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս վերամշակել օրական մոտ 350 տ միրգ և բանջարեղեն, արտադրել օրական 150տ մրգային խտահյութ:

«Եվրոթերմ» ընկերությունն ունի արտահանման ուղղվածություն. հյութերի և նեկտարների արտահանման ծավալը կազմում է իրացման ծավալի մոտ 50 տոկոսը, մուրաբաների և պահածոների` 80-90 տոկոսը, խտանյութի` 95 տոկոսը:

2013թ. առաջին կիսամյակում ընկերության թողարկած արտադրանքի ծավալը կազմել է 1.75 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.7 տոկոսով, իրացվել է 1.45 մլրդ ՀՀ դրամի արտադրանք, որից արտահանումը` 0.78 մլրդ ՀՀ դրամ:

Արտադրանքն իրացվում է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» և «Ալպենջուս» ապրանքանիշերով:

Ընկերությունում աշխատում է 230 մարդ, միջին աշխատավարձը`140 հազար ՀՀ դրամ:

Share