Բաժին. Տնտեսական

2018Թ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ 5,5 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅԻ

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները:

Կառավարության պարզաբանմամբ՝ նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը:

Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:

Share