Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կայացել է «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում: ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ քննարկման հիմնական առարկա է դարձել «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը:

Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն:  Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:

Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:

Share