Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ներկայում Արագածոտնի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակներում վերանորոգվում է 11 դպրոց: Այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում: 

Նախարարությունից հայտնում են, որ մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է Թալին, ծանոթացել քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրել են, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը: 

Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:

Փոխվարչապետը  հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրել են, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:

Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացել է մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:

Share