Բաժին. Տնտեսական

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 2014-2018ԹԹ. ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 40 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված  հանրապետության համայնքներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ սակագների վերջին փոփոխություններից հետո մարզերում ակնկալվում է ՀԷՑ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում եւ առկա խնդիրների լուծում:

Խորհրդակցության շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է ընկերության 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է համակարգում մինչեւ 40 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների կատարում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ընթացիկ տեխնիկական վիճակը եւ մատուցվող ծառայությունների որակը: Ներդրումային ծրագիրը դեռեւս պետք է հաստատվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետների հետ կքննարկվեն ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ կորոշեն առաջնահերթությունները: Նաեւ պայմանավորվել են, որ բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներն կիրականացվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար պարտավորություններ սահմանող իրավական ակտերի վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ պետական, համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում առկա տարբեր ենթակայանների շահագործման ու տնօրինման հետ կապված խնդիրները, որոնք դժվարություն են ստեղծում ընկերության համար` անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող ենթակայանների հարցը եւս առանձին կքննարկվի:

Մեկ անգամ եւս անդրադարձ է եղել էլեկտրական համակարգերի տարածքներում բնակելի եւ հանրային շենքերի շինարարության անթույլատրելիությանը եւ առաջարկվել պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Share