Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿԲԱՇԽՎԻ 8310 ՏՈՆՆԱ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԵՎ ՇՈՒՐՋ 3400 ՏՈՆՆԱ ՍԵՐՄԱՑՈՒ

Տարածքային կառավարման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է հողօգտագործողներին 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերը, պայմաններն ու մեխանիզմները:

Նշվել է, որ հանրապետություն է ներկրվելու 8 310 տոննա պարարտանյութ: Բաշխումը կմեկնարկի առաջիկայում: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կարող է հատկացվել առավելագույնը 1 տոննա պարարտանյութ. 50 կգ կշռող պարկը կտրվի 6 հազար դրամով:

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ որոշակի փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման մեխանիզմներում` հնարավոր խախտումներ թույլ չտալու համար:

Սպասվում է, որ շուտով կմեկնարկի նաև աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը: Ընդհանուր առմամբ, հանրապետության գյուղացիական տնտեսություններին կբաշխվի շուրջ 3400 տոննա սերմացու` ըստ մարզերից ստացված պահանջարկի: Տվյալ մարզում արտադրված սերմացուն կհատկացվի նույն մարզին: Փոխվարչապետն առաջարկել է բաշխման գործընթացն սկսել այն մարզերից, որտեղ աշնանացանի աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկում:

Տեղեկացվել է, որ կառավարության առաջիկա նիստերում կհաստատվի նաեւ դիզվառելիքի հատկացման ծրագիրը, որը կիրականացվի նույն սկզբունքներով եւ մեխանիզմներով, ինչ պարարտանյութի ծրագիրը:

Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է սերտորեն համագործակցել գյուղնախարարության հետ` ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Share