Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Նախարարությունից հայտնում են, որ նախարարն այցելել է Վարդաբլուր համայնք, ծանոթացել համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերության գործունեությանն ու պետական աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սեմացուի վերադարձելիության աշխատանքներին: Նորաստեղծ ընկերության անդամները գոհունակություն են հայտնել պետական աջակցության ծրագրերից: Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն, և որպեսզի դրանք ավելի արդյունավետ և հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում:

Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են, և հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է:

Նույն համայնքում նախարարը հետևել է նաև կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:

Նախարարը Տաշիրի տարածաշրջանում այցելել է հացահատիկի դաշտեր, ծանոթացել ձեռք բերված նոր գյուղտեխնիկային, իսկ «Բոզոյան» ընկերությունում գնահատել հացահատիկի նորակառույց պահեստի հնարավորությունները և նրա սեփականատերերին առաջարկել զբաղվել նաև խոզաբուծությամբ, որը եկամուտի լրացուցիչ աղբյուր կլինի և դրան կծառայի նաև պատրաստի սպանդանոցը:

Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Տաշիրի տարածաշրջանի պանրի արտադրամաս, որտեղ ծանոթացել է արտադրության պայմաններին ու հզորություններին:

Նախարարության տվյալներով, Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահողեր մտել են շրջանառության մեջ, որից 1500 հա-ի վրա կատարվել է ցորենի ցանք:

Բացւ այդ, ըստ ներկայացված տվյալների՝ Լոռու մարզում բավականին աճ կա անասնաբուծության ոլորտի ցուցանիշներում: Ընդհանուր հաշվով, տավարի գլխաքանակն ավելացել է 9,2 տոկոսով և կազմել 82 հազար գլուխ, որից կովերինը՝ 40 հազար գլուխ: Ոչխարների աճը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 3.5 հազարով:

Share