Բաժին. Տնտեսական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ 4 ԽՈՇՈՐ ՋՐԱՄԲԱՐ

Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով առկա է որոշակի լարվածություն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ը: Որպեսզի գյուղացիական տնտեսություններին հնարավոր լինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել, նախարարը հատկապես Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին հորդորել է առավելագույնս խնայողաբար օգտագործել դեռեւս չսպառված չափաքանակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել ոռոգումը:

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: Միայն «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:

Փոխվարչապետը նշել է, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ապահովելու եւ անխափան ոռոգում իրականացնելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է Սեւանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը: 

Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրումը` հաշվի առնելով, որ ոռոգման ապահովման համար ժամանակին պետք է վճարվեն էլեկտրաէներգիայի ծախսերը: Նա հորդորել է հետեւողական լինել հատկապես խոշոր հողատերերից վարձավճարների գանձումների հարցում: Հավաքագրումների միջին հանրապետական ցուցանիշը ներկայումս շուրջ 60 տոկոս է: 

Փոխվարչապետը նաեւ նշել է, որ համայնքներ այցերի ընթացքում բնակիչները բարձրացրել են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներ, որոնք ոռոգման շրջանում ջուր վերցնելով` նվազեցնում են ջրի ծավալները: «Գործող օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Ուստի ոռոգման շրջանի ընթացքում ջուրն առաջնահերթ պետք է ուղղվի ոռոգմանը, ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն ոռոգումից ավելացած ջուրը» ,-ընդգծել է Ա. Գեւորգյանը` հորդորելով հետեւել այդ ռեժիմների պահպանմանը:

Նա նաեւ տեղեկություններ է ներկայացրել ջրամբարաշինության ծրագրերի ընթացքի մասին: Արդեն հստակ պայմանավորվածություններ կան Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Ակնկալվում է, որ նախագծող ընկերությունները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն անհրաժեշտ նախագծերը, եւ մոտ մեկ տարի անց երկու ջրամբարների համար էլ շինարարական աշխատանքների մրցույթներ կհայտարարվեն: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանական զարգացման բանկի, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:

Երրորդ` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, եւ առաջիկայում սպասվում է քուվեյթցի մասնագետների այցը, որից հետո վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քննարկումներ են տեղի ունենում Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ:

«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշեց փոխվարչապետը` նկատելով, որ մասնավորապես Մաստարայի ջրանցքի կառուցումը զգալի կբարելավի Արմավիր մարզի այն տարածքների վիճակը, որտեղ ոռոգումն իրականացվում է խորքային հորերի միջոցով: Ըստ նրա` թեեւ Արմավիրի մարզի սակավաջուր տարածքներում պետբյուջեի միջոցներով այս տարի ութ նոր խորքային հոր է կառուցվել, իսկ գործողները վերակառուցվել են, սակայն ոռոգման հետ կապված խնդիրը դեռ մնում է: Նա առաջարկել է գնահատել լրացուցիչ խորքային հորերի անհրաժեշտությունը, որպեսզի մինչեւ հաջորդ ոռոգման շրջանը համապատասխան լուծումներ տրվեն:

Share