Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր Երևանում մեկնարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Այն ամփոփվի օգոստոսի 28-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի համանախագահներն են՝ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:    

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները կամփոփեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգնգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաև գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի և Բելառուսի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր:  

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Վահրամ Ավանեսյանը և Միխայիլ Ամելյանովիչը կստորագրեն համապատասխան արձանագրություն, որում կամրագրվեն նիստի ընթացքում ընդունված որոշումները:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է՝ համաձայն 2000թ. հունվարի 18-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրի: Համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2000թ. հունվարի 18-ից 20-ը` Մինսկում: 

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 26.05.2001թ. և ուժի մեջ մտել 10.02.2002թ.: 

2013թ. մարտի դրությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197.0 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներ, որոնցից 197.0 հազարն ուղղակի ներդրումներ են:

Հայաստանի Հանրապետությունում 01.09.2012թ. դրությամբ գրանցված է բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն:

Share