Բաժին. Տնտեսական

ՀՈՒՄՔԱՅԻՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԷԱԿԱՆ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ

Հումքային և պարենային ապրանքների հիմնական շուկաներում էական գնաճային միտումներ չեն կանխատեսվում: Այս մասին նշվում է ՀՀ կնետրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ առանձին ապրանքների շուկաների զարգացումները կպայմանավորվեն դրանց հատուկ հիմնարարներով: Մասնավորապես, էներգակիրների գնային զարգացումների հետ կապված ռիսկերը պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական զարգացումներով, մետաղների գները՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով, իսկ պարենային ապրանքների գները՝ մեծամասամբ եղանակային պայմաններով:

Սպասվում է, որ 2013-2016թթ., համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, նավթի միջազգային գները հիմնականում կդրսևորեն չափավոր աճի միտումներ: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ էներգակիրների միջազգային շուկայում առկա կլինեն գնաճային ռիսկեր:

Արդյունաբերական մետաղների շուկաները կգործեն մեծ անորոշությունների պայմաններում, և գնաճային էական միտումներ չեն նկատվի: 2013-2016թթ., համաշխարհային տնտեսության վերականգնման պարագայում, կնկատվեն չափավոր գնաճային դրսևորումներ:

Հացահատիկի միջազգային շուկայում որոշակիորեն թուլացել է հիմնարար լարվածությունը՝ պայմանավորված նոր բերքի վերաբերյալ առկա տեղեկատվությամբ: Համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից հուլիսին կատարված գնահատումների` 2013/2014 մարքեթինգային  տարում սպասվում է մոտ 697.8 մլն տոննա ցորենի բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալն ավելացել է մոտ 42.5 մլն տոննայով): Կանխատեսվող 699.9 մլն տոննա սպառման պայմաններում հացահատիկի միջազգային գները կդրսևորեն հիմնականում կայունացման միտումներ:

2013/2014 մարքեթինգային տարում բրնձի համաշխարհային արտադրության ծավալը կկազմի 478.7 մլն տոննա, և կանխատեսվող 476.1 մլն տոննա պահանջարկի պայմաններում բրնձի համաշխարհային պաշարները 2013/2014 մարքեթինգային տարում կկազմեն 108. մլն տոննա: Արդյունքում՝ բրնձի միջազգային գները կդրսևորեն հիմնականում կայունացման միտումներ:

Միևնույն ժամանակ, շաքարավազի միջազգային գները կդրսևորեն հիմնականում թույլ գնանկումային միտումներ՝ պայմանավորված 2013/2014 մարքեթինգային տարում արձանագրված առատ բերքով:

Share