Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՅՑԻՆ

Հունաստանը պատրաստվում է իր միջազգային վարկատուների՝ Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների այցին:

Երկրի կառավարությունն արդեն որոշել է, թե պետական բյուջեի տնտեսման նպատակով որ պետական աշխատողներն են կորցնելու իրենց աշխատանքը: Այսպես, սպասվում է, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում կրթության, տարածքային կառավարման, պաշտպանության և ներքին գործերի շուրջ 12 հազար 500 պետական աշխատող կուղարկվի «պահուստային ֆոնդ»:

Հիշեցնենք, որ Հունաստանը պարտավորվել էր պետական հատվածում իրականացնել բարեփոխում, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 2014 թվականը կրճատել շուրջ 15 հազար աշխատատեղ: Այս տարվա համար նախատեսվում է 4 հազար աշխատատեղի կրճատում:

Սպասվում է, որ սեպտեմբեր ամսում նախատեսված այցի շրջանակներում «վարկատուների եռյակ միության» ներկայացուցիչները կուսումնասիրեն, թե ինչպես է Հունաստանը կատարում իր ստանձնած պարտավորությունները: Համապատասխան զեկույցի հրապարակումից հետո միայն Հունաստանը կկարողանա ստանալ հերթական վարկային տրանշը՝ 1 մլրդ եվրո ծավալով:

Նշենք, որ ճգնաժամի պատճառով Հունաստանի տնտեսությունը կրճատվել է ավելի քան 20%-ով: 2010 թվականի մայիսից ի վեր միջազգային վարկատուները Հունաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրել են 240 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:

Այժմ Հունաստանում գործազրկությունը մակարդակը գերազանցում է 27%-ը:

Share