Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երևանում կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի պլենար նիստը, որի ավարտին նիստի համանախագահները` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը, ստորագրել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունը: 

Նիստի շրջանակներում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշել է, որ չնայած հեռավորությանն ու տարբեր տնտեսական կառուցվածքին, Հայաստանն ու Բելառուսը գտնում են փոխշահավետ համագործակցության ուղիներ: Նա նաև հավելել է, որ Հայաստանը և Բելառուսը միշտ լավ հարաբերություններ են ունեցել և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ավելի կխորանան: Վահրամ Ավանեսյանը հույս հայտնել է, որ 10-րդ նիստը հնարավորություն կընձեռի առկա դժվարությունները հաղթահարելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն իր հերթին բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Նա վստահություն է հայտնել, որ հոբելյանական 10-րդ նիստի որոշումները նոր հիմքեր կստեղծեն համագործակցության խորացման համար:

Share