Բաժին. Տնտեսական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացել է նախարար Գագիկ Բեգլարյանի և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ»  և իսպանական «Իզոլյուքս Կորսան»  ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները   ներկայացրել են  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:

Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են,  ամեն ինչ  պատրաստ է բետոնապատումն սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում (Երևան-Արարատ կմ9+312 – կմ28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երևան-Աշտարակ կմ18+370– կմ29+600)՝ սեպտեմբերի 2-ին:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ հստակ պահանջ է ներկայացրել ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում:

«Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի», – նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:

Share