Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության ոլորտում Կոտայքի մարզը գրանցել է լավ ցուցանիշներ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել մի շարք ընկերությունների գործունեությանը:

Գյուղնախարարը, մասնավորապես, այցելել է Ձորաղբյուր համայնքի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել այստեղ ներդրված հոլանդական նորագույն տեխնոլոգիաներին: Նախարարին հայտնել են, որ տնտեսությունն ամբողջությամբ արտահանման կողմնորոշում ունի, և նախատեսվում է արտահանել շուրջ 6000 տոննա բանջարեղեն, որի գերակշիռ մասը՝ լոլիկ:  

Գյուղնախարարը եղել է նաև «Արտաշես» պտուղ-բանջարեղենի վերամշակման ընկերությունում: Նախարարը ծանոթացել է արտադրական պայմաններին, շրջել արտադրամասերում, գնահատել ձեռնարկության սանիտարահիգիենիկ վիճակը: Ձեռնարկությունը մասնագիտացված է էկոլոգիապես մաքուր բնական հյութերի, մուրաբաների, մարինադների արտադրության մեջ և մթերումներ է իրականացնում ոչ միայն Կոտայքի մարզում, այլև ողջ հանրապետության տարածքում:  

Նախարարը նաեւ այցելել է Ակունք համայնքում գտնվող շուրջ 10 հա տարածությամբ ելակի, մորու և ազնվամորու այգի: Այստեղ ներդրված է հանրապետությունում թերևս միակ կաթիլային ոռոգման և սնուցման ժամանակակից համակարգ՝ ջրի խնայողության հատուկ ռեժիմով: Այգու սեփականատերը նախարարին ցույց է տվել այգում տեղակայված եւս մի քանի արդիական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ պտուղը զերծ է մնում տարատեսակ հիվանդություններից: Գրեթե ամբողջ բերքը արտահանվում է:

Նախարարը այցելել է նաև Հայաստանի ամենահայտնի և լավագույն խնձորի այգիներից մեկը, որը հիմնվել է դեռեւս 1976 թ.-ին: Շուրջ 400 հեկտարանոց այս այգում արդեն հիմնվել է տնկարանային նոր տնտեսություն, քանի որ այգին ծերացել էր և անհրաժեշտություն կար այն փոխարինել նորատունկ խնձորենիներով: Այգու 50 հեկտարի վրա գյուղացիական տնտեսությունները կազմակերպել են կոոպերատիվ:

Գյուղնախարարի՝ Կոտայքի մարզ կատարած այցի վերջին կանգառը Քաղսի համայնքում էր, ուր նա այցելել է գարու, ցորենի, հաճարի դաշտեր եւ խոտհարքներ: 

Այցի շրջանակներում Սերգո Կարապետյանը մարզի ցուցանիշները գնահատել է առաջանցիկ՝ 9.6%-ով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է ավելացել, 8%-ով՝ մանր եղջերավորներինը: Առկա խնդիրների շարքում նախարարը նշել է Կոտայքի մարզի անմշակ հողերի ծավալը, սակայն եթե համեմատենք 2010 թվականի տվյալների հետ, որի ընթացքում անմշակ հողերը 66% էին կազմում, ապա այն զգալի կրճատվել է՝ այսօր կազմելով 56%: Այս տարի եւս 2033 հա հող մտել է շրջանառության մեջ: Կոտայքի մարզում այս տարի 1.320 հա-ով ավելացել է հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից:

Share