Բաժին. Տնտեսական

Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը

«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում, Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, եւ հաղթող ընկերության որոշումից հետո կսկսվի համակարգի կառուցումը:  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից՝ ծրագրով նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղիի, Ագարակի եւ հարակից համայնքների համար կապահովվի կայուն ջրամատակարարում, ինչպես նաեւ զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցվի Մեղրի գետից:

Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է:

«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրը ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրիի ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաեւ Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:

Share