Բաժին. Տնտեսական

Դանիան պատրաստ է օգնել մեր երկրում բնակարանային ոլորտի խնդիրների լուծմանը

«Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը և Խորհրդի նախագահ Ռուդի դե Յոնգը այցելել են Դանիայի Թագավորություն՝ ուսումնասիրելու Հայաստանում սոցիալական և մատչելի բնակարանային ոլորտում Դանիական կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության ուղիները:

Հիմնադրամից հայտնում են, որ Կոպենհագենում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի սոցիալական և մատչելի բնակարանային ոլորտի զարգացմանն ուղղված հանդիպումներ է կազմակերպել Դանիայի Սոցիալական բնակարանային կազմակերպությունների ֆեդերացիայի և Դանիայի կառավարության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: ԱՍԲԱ հիմնադրամի պատվիրակության հետ միասին հանդիպումներին մասնակցել է նաև Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը: 

Դանիայի Սոցիալական բնակարանային կազմակերպությունների ֆեդերացիայի տնօրեն Բենթ Մադսենի և միջազգային բաժնի ղեկավար Նատալիա Ռոգաջեվսկայի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են վերջին տարիների ընթացքում սոցիալական մատչելի բնակարանաշինության զարգացումը՝ յուրաքանչյուր երկրի զարգացման կոնտեքստում: Կողմերը քննարկել են նաև երկու կազմակերպությունների գործընկերության հիմնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ընդգծել համագործակցության հետագա զարգացման հիմնական ոլորտները, ներառյալ էներգախնայողությունը և բնակարանների մատչելիությունը: 

Դանիայի կառավարության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը և ԱՍԲԱ-ի տնօրենը ներկայացրել են Հայաստանի բնակարանային ոլորտում առկա հիմնական կարիքներն ու խնդիրները: Հայաստանը թիրախային երկիր է հանդիսանում Դանիայի 2013-2017թթ.-ի Հարևանության Ծրագրի համար և բոլոր տեսակի երկկողմանի կապերը ողջունելի են նախարարության կողմից: Չնայած այն հանգամանքին, որ բնակարանային ոլորտը ուղղակիորեն նշված չէ որպես առաջնահերթ ոլորտ Հայաստանին աջակցության ծրագրում, այդուհանդերձ նախարարությունը 2013-2017թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում կողջունի ցանկացած նորարարական ծրագրային նախաձեռնություն: 

ԱՍԲԱ հիմնադրամը բարձր է գնահատում Դանիայում Հայաստանի դեսպանության ներգրավվածությունն ու աջակցությունը և պատրաստ է շարունակել համագործակցել դեսպանության հետ՝ դանիական կառույցների հետ փոխշահավետ գործընկերության զարգացման ուղղությամբ:

Share