Բաժին. Տնտեսական

Հայաստանը կմասնակցի «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 2-ից 7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով:  

«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և  Եվրասիական  երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական  համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում:

Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարանը (պահածոներ),  «Ռուկար Գրուպ»-ը (մրգային օղի),  «Արկոլադ»-ը (շոկոլադ),  «Թամարա Ֆրուտ»-ը (հյութեր և սառը թեյ) , «Սիս Նատուրալ»-ը (հյութեր), «Ռ ընդ Դ» ընկերությունը (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել»-ը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները Զարգացման հայկական գործակալությանը, որպես չինական կողմի գործընկեր,   տրամադրել են  2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար:  Զարգացման հայկական գործակալությունից հայտնում են, որ վերոհիշյալ  տաղավարներում նախատեսվում է հավաքական  ներկայացնել հայկական ընկերությունները:

Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր Ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: Գործակալությունը կմասնակցի  մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես, Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:

Share