Բաժին. Տնտեսական

Դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը կուղղվի մոտ 49 մլն դրամ

ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի իրականացման համար հատկացրել է մոտ 49 մլն դրամ: Այս մասին հայտնում են կառավարության Մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարությունը հաստատել էր ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:

Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն՝ մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ:

Սպասվում է, որ 2013թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:

Միևնույն ժամանակ, հաստատվել էր նաև երկրի հողօգտագործողներին 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, և 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին:

Share