Բաժին. Տնտեսական

Մեր երկրի բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր ներդրումները կազմում են ընդամենը 1%

Մեր երկրի կրթության  ոլորտը կարիք ունի այլընտրանքային ֆինանսավորման: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ առկա բացը կարող է լրացվել միայն  հանրային և գործարար հատվածի ներգրավման միջոցով:

Հանրային խորհրդի երիտասարդական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ այսօր մեր երկրի բարձրագույն կրթության ոլորտում  մասնավոր ներդրումների ծավալն ընդամենը 1 տոկոս է կազմում, ինչը խիստ ցածր ցուցանիշ է:

Արձագանքելով  Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ դիտարկումներին՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով ավելացվելու է բուհերի պետական ֆինանսավորումը:  2014թ. ավելանալու է նաև  բուհերում պետական պատվերով նախատեսված տեղերը՝ պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների համար:

Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ուսման վարձավճարները մասնավոր բուհերում մի քանի անգամ  ավելի էժան են, քան համապատասխան մասնագիտությամբ պետական բուհերում: «Այսքանով հանդերձ, մասնավոր բուհերն այս տարի շուրջ 100 ուսանող են ընդունել: Իսկ պետական բուհերում  պետպատվերով և տարկետման իրավունքով  թափուր 100 տեղ կա: Սա նշանակում է, որ կրթական պահանջարկի ու առաջարկի բաշխումը անհամաչափ է: Մենք 20 տոկոսով ավելացնելու ենք պետական պատվերը, սակայն միայն պետության համար առաջնահերթություն ունեցող մասնագիտությունների համար» ,- նշել է նախարարը:

Նախարարը ներկայացրել է նաև որոշակի հաշվարկներ. վարձավճարների բարձրացման արդյունքում բուհերը կունեննան մոտ 430 մլն դրամի հավելյալ հավաքագրում: Մինչդեռ պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքում,  ինչպես վստահացրել է նախարար Աշոտյանը, սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ:

Share