Բաժին. Տնտեսական

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ծրագիրը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝  կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին  Հակաճգնաժամային հիմնադրամի մասնակցությանն առնչվող հարցեր:

Սերգեյ Շատալովը նշել է, որ Հակաճգնաժամային հիմնադրամի նախարարների խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության նախնական հայտը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային որոշակի հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքներ  իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությանը 100 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու համար:

Գումարը նախատեսված է տրամադրել միայն կոնկրետ հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության առկայության դեպքում:

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ հարավային հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության ձեռքբերման համար շուտով կհայտարարվի մրցույթ, և նախընտրելի հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հիմնադրամին կտրամադրվի 2014թ.-ի գարնանը:

«Մեզ համար շատ կարևոր է  ԵԱԶԲ-ի աջակցությունը  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի», մասնավորապես, հարավային հատվածի շինարարության մասնակցության հարցում: Եվրոպական ներդրումային բանկը արդեն ներգրավված է ծրագրում և սկսել է աշխատանքները  հյուսիսային հատվածում»,-նշել է նախարարը:

Share