Բաժին. Տնտեսական

Ֆորբսը` Հայաստանի մասին. Հեղինակային անդրադարձ տնտեսության ամենախոշոր դերակատարներին

Ֆորբս ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ զեկույց է հրապարակել` ներկայացնելով երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը:

Զեկույցում հեղինակային անդրադարձ է կատարվել Ամերիաբանկին և վերջին տարիներին բիզնեսի տարբեր ուղղություններով բանկի արձանագրած ցուցանիշներին ու ձեռքբերումներին:

«Վերջին տասնամյակում բանկը հիմնական բոլոր ֆինանսական ցուցանիշներով տպավորիչ տարեկան աճ է գրանցել։ Միայն 2024 թվականին ակտիվներն աճել են ավելի քան 30 տոկոսով` հասնելով մոտ 4.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ մանրածախ վարկային պորտֆելն ընդլայնվել է ավելի քան 40 տոկոսով։ Գործարքների ավելի քան 99 տոկոսն այժմ կատարվում է թվային և հեռավար կապուղիներով՝ բանկի բջջային հավելվածի արագ տարածման և օնլայն բանկինգի նկատմամբ հանրային պահանջարկի աճի շնորհիվ։

Թվային հարթակների լայն կիրառումն արմատապես բարելավել է հաճախորդների համար ծառայությունների հասանելիությունը՝ ձևավորելով ավելի ներառական և արդյունավետ ֆինանսատեխնոլոգիական միջավայր»,- նշում է հեղինակը` անդրադառնալով նաև Ամերիաբանկի կողմից միջազգային ֆինանսավորման ներգրավմանը, բանկի առաջատար դիրքին կապիտալի շուկայում ու վարկավորման ոլորտում և այլն։

Բացի այդ, զեկույցում տեղ է գտել Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի հարցազրույցը, որտեղ խոսվում է Հայաստանի տնտեսության մեջ Ամերիաբանկի նշանակալի դերակատարության մասին` որպես վարկային պորտֆելով խոշորագույն ֆինանսական հաստատությունը Հայաստանում:

Հայաստանի մասին հատուկ զեկույցը, ինչպես նաև Ամերիաբանկի վերաբերյալ հեղինակային անդրադարձն ու Հովհաննես Թորոյանի հարցազրույցն ամբողջությամբ հասանելի են այստեղ:

Share