Բաժին. Տնտեսական

Տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են՝ Շարիստան Մելքոնյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն, Նելիի Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող, Աշոտ Սաղյան- ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,Սամվել Ավետիսյան- Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վարդան Ուռուտյան- Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, Սամվել Շուքուրյան – ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ-ի մշտական անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,Յուրի Սարգսյան- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, Սահականույշ Սարգսյան – Բոլոնիայի քարտուղարություն, Հայկ Քոթանջյան – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Սուսաննա Կարախանյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր: Խորհրդի որոշմամբ՝ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուսաննա Կարախանյանը:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է մեր երկրում բուհերի հավատարմագրման աշխատանքներին: «Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ և պարտավոր ենք հասցնել իր տրամաբանական ավարտին: Դա կլինի այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել և հավատարմագրել Հայաստանի Հանրապետության բուհերին: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանձնաժողովի հեղինակությունը լինի բարձր, որովհետև սա պետք է լինի մի անաչառ մարմին, որը կկարողանա մեր բուհերին գնահատել օբյեկտիվորեն: Մենք գիտենք, որ դեռևս կան բավականին լուրջ խնդիրներ, բուհերի մեծ մասը դեռևս պատրաստ չէ հավատարմագրման չափանիշներին, սակայն պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն: Միևնույն ժամանակ, բուհերը պետք է հասկանան, որ սա բավականին խստապահանջ հանձնաժողով է, ուստի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է իրականացնեն լրջագույն բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Խորհուրդը համապատասխան առաջարկությունների ընդունմամբ քննարկել և հաստատել է պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների և լրացումների նախագիծը: Հաստատվել է նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը: 

Share