Բաժին. Տնտեսական

ՀՊՃՀ-ում բացվել են միջազգային չափանիշներին համապատասխան ճարտարագիտական լաբորատորիաներ

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի է ունեցել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությունը: Բացմանը մասնակցել է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված ներդրումներին, ծրագրի համաձայն ստեղծված պայմաններին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին:

Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ լաբորատորիաները կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող ուսանողների (տարեկան շուրջ 2000 ուսանող), որոնց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն:

Ընդգծվել է, որ նախագծի գործընկերներ և համաֆինանսավորողներ՝  ՀՀ կառավարության, ՀՊՃՀ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ու ճարտարագիտական աշխարհում խոշորագույն «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ջանքերով ստեղծվելու է ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա` պետություն – մասնավոր հատված – միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում:

Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, այս նախագիծը բեկումնային է տեխնիկական կրթության ոլորտում և վերջին տարիների ամենալայնածավալ ու խոշոր ներդրումն է բուհերի ենթակառուցվածքների և լաբորատոր բազայի բարելավման գործում:

Share