Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-ն հետաքրքրվել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ:

Նախարարության Լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Մարկ Հորթոնը նախարարին ներկայացրել է նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում:

Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը խոշոր ռազմավարական ծրագիր է և շատ կարևոր Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Որոշակի խնդիրների պատճառով ծրագրի ընթացքը դանդաղեց՝ կապված վերահսկող կազմակերպության աշխատանքների և շինարարության  որակի թերացումների հետ: Նախարարության խիստ մոտեցումների շնորհիվ այժմ ծրագրի աշխատանքները, որոնք հավասարաչափ սկսվել են և՛ հյուսիսում, և՛ հարավում, բնականոն ընթացքի մեջ են: Բացի Ասիական զարգացման բանկից, ծրագրի ֆինանսավորման հարցում մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի Հակաճգնաժամային հիմնադրամի  հետ», – ասել է նախարարը: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ամբողջ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են  նոր ֆինանսական աղբյուրներ:

Մարկ Հորթոնը հետաքրքրվել է նաև «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման ընթացքից, որին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ առայժմ ընթանում են նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը, որի ավարտից հետո այն կներկայացվի հանրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Share