Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` բանկի տնօրենների խորհրդում Հայաստանի ծրագրերի պատասխանատու Բհիմանտարա Վիդյաջալայի (Bhimantara Widyajala) գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԱԶԲի հետ համագործակցությանը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

«Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության խոշոր գործընկերներից է, մենք բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ և կարևորում ենք ծրագրերի հաջող իրականացումը», – նշել է փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձել են «Հյուսիսհարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրին` երկուստեք ընդգծելով նախանշված ժամկետներում աշխատանքների հաջող իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նման մասշտաբային ճանապարհաշինական ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում, և հայկական կողմը շահագրգռված է ծրագրի հաջող իրականացմամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարաման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքից: Առաջին ծրագիրն ավարտվել է, արդեն մեկնարկել է նմանատիպ երկրորդ ծրագիրը, որում ընդգրկված է 90 գյուղական և 18 քաղաքային համայնք:

Բանկի աջակցությամբ իրագործվող մեկ այլ` կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում նախատեսվող ծրագրի հետ կապված նշվել է, որ արդեն մեկնարկել են առաջին արդյունքների հրապարակային քննարկումները, որից հետո կոնկերտ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության եւ բանկի միջև համագործակցության եռամյա ծրագրի հաստատման, համագործակցության նոր` հնգամյա ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:

Share