Բաժին. Տնտեսական

ԱԶԲ-ն հետաքրքրվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար Բհիմանտարա Վիդյաջալայի հետ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։ Այդ գումարով կկատարվի «Հյուսիս-hարավ»-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի ճանապարհի մոտ 150 կմ հատվածի վերակառուցումը ( 72 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են, 18.25 կմ հատվածի համար նախապատրաստվում է հայտարարել մրցույթ, իսկ մոտ 60 կմ հատվածի մրցույթը կմեկնարկի նախագծային աշխատանքների ավարտից հետո) և Արտաշատից մինչև Քաջարան՝ մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նախնական նախագծումը և ԱԶԲ կողմից իրականացվելիք մոտ 60 կմ հատվածի վերջնական և մանրամասն նախագծումները:

Բհիմանտարա Վիդյաջալան տեղեկացրել է, որ այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների որակին: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի սահմանված ժամկետում:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կարևորագույն խնդիր է  հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարը ընդգծել է, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 556կմ ճանապարհի համար, որը ընդգրկում է Մեղրիից Աշոցք ճանապարհահատվածը,  վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիրը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

«Մեզ համար այսօր շատ կարևոր են այդ ուսումնասիրությունները, քանի որ դրանք ամբողջ ծրագիրը առաջ տանելու գործիք են: Ծրագրի շրջանակներում մեզ հետ աշխատող բոլոր բանկերը պահանջում են նախագծային ամբողջ փաթեթը հետագա աշխատանքները կազմակերպելու համար»,-նշել է նախարարը:

Բհիմանտարա Վիդյաջալան ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգիռ են բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու համար:

Share