Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Երևանի և Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պատվիրակության հետ:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու հետագա համագործակցության հետ կապված հարցեր և իրականացնելու կոնկրետ ծրագրեր, ինչի արդյունքում երկու քաղաքների միջև էլ ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան երկկողմ հարաբերությունները:

«Համոզված եմ, որ Երևանը և Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես մշակույթի բնագավառում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն էր միտված նաև այս տարի ՀՀ նախագահի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Վարշավայի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ լեհական այլ քաղաքների հետ համագործակցությունը ևս կարող է խթան հանդիսանալ երկու ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդման հարցում:  

Քաղաքապետը նաև կարևորել է 2014թ.-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում նախատեսվող հայկական արմատներով 19-20-րդ դարերի տաղանդավոր լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերի ցուցահանդեսի բացումն ու Կասկադում լեհ դաշնակահար Լեշեկ Մոժջերի համերգի անցկացումը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ խթան է ամրապնդելու մշակութային համագործակցությունը. «Մշակութային այդ միջոցառումները կրում են ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծեն առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում  Լեհաստանում, ու հատկապես Սոպոտ քաղաքում ևս, կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ և կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Սոպոտի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Սոպոտը ևս ապրում է մշակութային հարուստ կյանքով, և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Յացեկ Կորնովսկին և երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:

Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանում նախատեսվող մշակութային միջոցառումներն անցնեն հավուր պատշաճի:

Share