Բաժին. Տնտեսական

Եվրոպացի փորձագետները ներկայացրել են շուկայի վերահսկողության ոլորտի նոր մոտեցումները

Սեպտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ներկայումս Հայաստանում իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում, կայացել է համաժողով, որտեղ ներկայացվել են Շուկայի վերահսկողության ոլորտի նոր մոտեցումները:

Միացյալ Թագավորությունից և Լիտվայի Հանրապետությունից ժամանած փորձագետները հայաստանյան տնտեսավարող սուբյեկտներին և տնտեսական կրթական հաստատությունները ներկայացնող մասնակիցներին ներկայացրել են ապրանքի անվտանգության համապատասխանությանը վերաբերվող «Հին և Նոր մոտեցման» կանոնակարգերը, շուկայի վերահսկողության համար պատասխանատու մարմինների դերն ու պարտականությունները, ինչպես նաև հավատարմագրված մարմինների, արտադրողների և ներմուծողների պարտավորությունները: Ելույթների ընթացքում ներկայացվել են նաև «CE» մակնշման համապատասխանությունը անվտանգության պահանջներին և այլ հարակից մակնշումներին վերաբերող հարցերը, դրանց կապը տեխնիկական կանոնակարգերի, ներդաշնակեցված ստանդարտների, համապատասխանության գնահատման մոդուլների և սպառողների պաշտպանության հետ:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաժողովի նպատակն էր ներկայացնել շուկայի վերահսկողության ԵՄ մոդելը, ձևավորել պատկերացում տնտեսավարողների պատասխանատվության և սպառողների դերի վերաբերյալ, տրամադրել տեղեկություններ Շուկայի վերահսկողության պետական տեսչության դերակատարման և գործողությունների վերաբերյալ և ցուցադրել Լիտվայի Հանրապետությունում կիրառված նմանօրինակ վերահսկողական մոտեցման հաջողված փորձը:

ԵՄ կողմից ֆինանսավորվող 1 000 000 ԵՎՐՈ արժողությամբ սույն Թվինինգ ծրագիրը իրականացվում է Northern Ireland Co-operation Overseas (NI-CO) ընկերության կողմից՝ Լիտվայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ոչ պարենային ապրանքների տեսչության հետ համատեղ (Թվինինգ գործընկեր անդամ-երկրից):

Share