Բաժին. Տնտեսական

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանում իրականացվող տարածքային զարգացման ծրագրերին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակությանը` ԵՀ զարգացման եւ համագործակցության (DevCo) հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մայքլ Քոհլերի (Michael Koehler) գլխավորությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԵՄ Արեւելյան գործընկերության ներքո իրականացվող Տարածքային զարգացման փորձնական ծրագրերի (PRDP) շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմից առաջարկված եւ PRDP-ում ներառված տարածքների համաչափ զարգացման բաղադրիչը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որը փորձ է արվում ընդգրկել բոլոր գործընկերների հետ իրականացվող ծրագրերում:

Փոխվարչապետն իր նկատառումներն է հայտնել PRDP-ի ուղղությունների վերաբերյալ` կարեւորելով խիստ նպատակային բաղադրիչի առկայությունը: «Մենք փորձելու ենք ընտրել տարածքների զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղություններ: Հուսով եմ, որ ԵՄ խորհրդատուի հետ համագործակցաբար կկարողանանք նախատեսել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան թե մասնավոր, թե հասարակական, թե տեղական ոլորտներից առավելագույն թվով շահառուներ ներգրավել», – նշել է նախարարը: 

Արմեն Գեւորգյանը հյուրերի խնդրանքով տեղեկություններ է ներկայացրել ՏԻՄ ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին` ԵՄ կողմից նախատեսված միջոցների ներգրավումը կարեւոր համարելով դրանց իրականացման տեսակետից: «Մենք մտադիր ենք խորացնել ապակենտրոնացումը, ինչն առաջին հերթին մեզ է հարկավոր: Առաջիկա բարեփոխումները միտված են լինելու համայնքների կարողությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս, լուծելով ընթացիկ հարցերը, կարողանան նոր պարտավորություններ ստանձնել»:

Հյուրերը ողջունցել են տարածքների զարգացմանն ուղղված բարեփոխումների եւ ծրագրերի իրականացումը` դրանք կարեւոր համարելով երկրի հետագա զարգացման համար, եւ պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Share