Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյանն այցելել է Armenia EXPO-2013 ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես:

Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Նշենք, որ Armenia EXPO-2013-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այն հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից բոլոր ընկերությունների մասին, գտնել շահավետ գործընկերներ և օտարերկրյա ներդրողներ:

Արդեն 13 տարի շարունակ անցկացվող ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից և Լեհաստանից:

Armenia EXPO-2013-ը կտևի մինչ սեպտեմբերի 15-ը:

Share