Բաժին. Տնտեսական

Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին: Նա տեղեկացրել է, որ  գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես,  «Ալպտելկո» ընկերությունը, հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:

«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին և ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային և անլար կապի լուծումների վրա:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ուրախ է, որ հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ կան համագործակցության հնարավորություններ: «Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլև նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում ևս համագործակցել», – ընդգծել է նախարարը:

Ռայներ Մորելը հետաքրքրվել է նաև Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշել է, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, և ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:

Դեսպանը հույս է հայտնել, որ գերմանական ընկերությունները ևս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ:

Share