Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները

Ամփոփվել են մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները և տուժած համայնքներին տրամադրված օգնության աշխատանքները:

Այսպես, կրկնացանի համար տրամադրվել է 24 տոննա սերմ՝ 87 միլիոն ընդհանուր գումարով, նախատեսված 3800 հեկտարի համար: Տրամադրվել է նաև ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք: Գյուղացիներից չեն հարկվել ոռոգման ջրի եւ հողի վարձերը:

Սոցիալապես անապահով 1599 ընտանիքի տրվել է 50 հազարական դրամի օգնություն:

Ըստ պաշտոնական տվյալների՝ տուժել են հիմնականում խաղողի այգիները, որոնց բերքատվությունը կվերականգնվի 2-3 տարում: Ծիրանի բերքը սպասվածից ավելին է եղել:  Ցորենի բերքահավաքն ավարտվել է, եւ ստացվել է 15200 տոննա բերք, նախորդ տարվանից 1000 տոննա ավելի:

Պետության սուբսիդավորմամբ հատկացվել են վարկեր՝ սահմանամերձ շրջաններում 6 տոկոսով, իսկ ոչ սահմամերձ շրջաններում՝ 10 տոկոսով: Բանկերը վերանայվել է շուրջ 4098 գյուղացիական վարկ: Բացի դրանից, տուժած համայնքների գյուղացիների արտարժույթային վարկերը փոխարինվել են դրամային վարկերով: Տրվել են 247  նոր վարկեր:

«Արմավիրի մարզի կարկուտից տուժածների օգնություն» հիմնադրամի ջանքերով հավաքվել է 240 միլիոն դրամ, որը բաշխվել է 6013 ընտանիքի։ Հատկանշական է, որ հիմնադրամը նամակ է հղել հանրապետության շուրջ 1000 խոշոր հարկատուների, որոնցից ոչ բոլորն են արձագանքել:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ հանրապետությանն անհրաժեշտ է 1300 հակակարկտային կայան՝ տարբեր մարզերում տեղադրելու նպատակով, սակայն կա 154-ը, եւ  ամեն տարի կարկտահարվում է 200-220  համայնք հանրապետության տարբեր մարզերում:  Ներկայում 50 հակակարկտային կայանի կառուցման գումար է հատկացված և հայտարարված է մրցույթ կայանների կառուցման համար:

Share