Բաժին. Տնտեսական

Հայ սպառողների վստահության ցուցանիշը նվազել է

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում սպառողների վստահության ցուցանիշը կազմել է 43.3 կետ: Նախորդ եռամսյակի համեմատ այն նվազել է 0.7 կետով, իսկ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝  3.9 կետով: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Նշենք, որ սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Այն իր մեջ ներառում է ընթացիկ պայմանների ինդեքսը, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, և ապագա սպասումների ինդեքսը՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:

Այս ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ:

Ըստ հարցման արդյունքների՝ հաշվետու եռամսյակում ապագա սպասումների ցուցանիշը կազմել է 52.2 կետ, ընթացիկ պայմանների ցուցանիշը՝ 34.4 կետ:

Ընդ որում, ապագա սպասումների ինդեքսը ձևավորող բոլոր ցուցանիշները գտնվում են կայունության միջակայքում կամ նրանից բարձր: Մասնավորապես, խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը կազմել է 57.8 կետ:

Ընթացիկ պայմանների ինդեքսը ձևավորած ցուցանիշներից կայունության միջակայքում է գտնվում միայն ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշն՝ իր 50.5 արժեքով: Ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության և ընդահանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշները ցածր են կայունության միջակայքից:

Share