Բաժին. Տնտեսական

Երկրորդ եռամսյակում գրանցվել է գործարար ակտիվության բարձր ցուցանիշ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 58.2 կետ, ինչը բարձր է կայունության միջակայքից: Կենտրոնական բանկի կողմից գործարար շրջանակներում անցկացված հարցումների համաձայն՝ հաշվետու եռամսյում բոլոր ոլորտներում գրանցվել է լավատեսական տրամադրվածություն:

Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 61.0 կետ, իսկ ամենացածր ցուցանիշը՝ շինարարության ոլորտում՝ 56.0: Առևտրի և ծառայությունների ոլորտներում ևս ցուցանիշների արժեքները գտնվում են կայունության միջակայքից բարձր մակարդակի վրա:

Նշենք, որ գործարար ակտիվության ցուցանիշի հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով:

Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները  տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ:Որպես կայունության միջակայք ընդունվում է արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share