Բաժին. Տնտեսական

Երևանի փոքր կենտրոնի գովազդային վահանակները «կեվրոպականացվեն»

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մաս կազմող արտաքին գովազդի արդիականացման և քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու նպատակով գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկ է ներկայացվել փուլային տարբերակով՝ մինչև 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։  

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախաձեռնությանը հավանություն տված ընկերությունները սեպտեմբերի 23-ից կսկսեն վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանն այդ կազմակերպություններին կտրամադրի քաղաքային համապատասխան չափերի (1.2×18) ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն:  

Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։

Ի դեպ, նկատի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունը, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։ 

Share